ԺԱՆԵԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ժանեկագործությունը հայկական կիրառական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է: Հայ կանայք և աղջիկները ժանյակ հյուսել են տարբեր գործիքներով՝ կարի սովորական ասեղով, կեռ ասեղով, գուլպայի շյուղերով, փոքր ու մեծ մակույկով, գոբենակով: Ժանյակները գործվում էին բամբակե, մետաքսե, տարբեր գույների (սպիտակի գերակշռությամբ) և տարբեր ոլորքի` հաստության թելերով: Ժանյակները հյուսվում էին ինչպես երկար, ժապավենաձև, այնպես էլ՝ տարբեր չափերի ու ձևերի: Տիրապետելով ժանյակ հյուսելու գրեթե բոլոր եղանակներին, հայ կանայք առավելությունը տվել են ասեղնագործ ժանյակին: Հայկական ասեղնագործ ժանյակն ինքնատիպ է և տարբերվում է այլ ժողովուրդների նույնանման ստեղծագործություններից: Այն առանձնանում է կատարման եղանակով, զարդանախշերով, հորինվածքով, որը և անփոփոխ պահպանվել է մինչև մեր օրերը: Հայկական ասեղնագործ ժանյակի մեջ պահպանվել են բազմաթիվ ավանդական զարդանախշեր՝ արևի նշանը, ութ շեղանկյունաձև պսակաթերթիկներով ծաղիկը կամ աստղածաղիկը, կլոր վարդյակները, եռանկյունիները, ատամներ, սյուներ, կամրջակներ հիշեցնող նախշերի շարքերը: Վերջիններս որոշակի ռիթմով դասավորվում են համակենտրոն շրջանաձև, էլիպսաձև, քառակուսի, եռանկյունի շերտերի վրա: Ժանյակ հյուսելու եղանակով գործվել են սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, տարբեր բոխչաների (տուտկապերի), թաշկինակների, գլխաշորերի երիզներ, ինչպես նաև՝ օձիքներ, զանազան կենցաղային իրեր. սանրամաններ, կոճակի, թաշկինակի գրպանիկներ և այլն: Ուշադրության արժանի է Բարձր Հայքի կանանց տարազի գլխի հարդարանքի մաս կազմող ճակատազարդը՝«վարդ»-ը, որը հյուսվում էր ասեղով, մետաքսե բազմագույն թելերով, մանրիկ ծաղիկների ու տերևների համակցված նախշերով: Հետաքրքրություն են ներկայացնում կիլիկիահայ կանանց տարազի շուշան նախշերով, սպիտակ, մետաքսաթել ժանյակ-լանջակալները: Ժանեկագործությունը տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր պատմա-ազգագրական շրջաններում: XX դարում ժանեկագործության խոշոր կենտրոններ են համարվել Վան-Վասպուրականը, Բարձր Հայքը (Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Ախալքալաքը), Կիլիկիան (Այնթապը, Մարաշը, Ուրֆան), Փոքր Հայքը (Սեբաստիան, Կեսարիան, Արաբկիրը և այլն), Կ.Պոլիսը, Թիֆլիսը: Հայկական ժանեկագործությունն իր զարդանախշերով և հորինվածքային լուծումներով աղերսներ ունի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ճյուղերի հետ: Ակնհայտ է ժանյակի ու խաչքարի նմանությունը: Հորինվածքներում համաչափության պահպանումը, զարդանախշերի հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում հայկական ժանյակին:
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ