«Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը, մ.թ.ա. 2800-2600 թթ.»

30.11.2021

Նոյեմբերի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը, մ.թ.ա. 2800-2600 թթ.» ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցահասակներ։
Ցուցահանդեսը ներկայացնում է վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը բնորոշող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում 2021թ. հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակի մեջ առաջինն է ՀՀ տարածքում:
Շահումյանի դամբարանը, որը պատկանում է վաղ բրոնզի դարի «կուր-արաքսյան մշակույթին», հայտնաբերել է Մուշեղ Հարությունյանը՝ իր այգում ծառատունկի ժամանակ։ Հուշարձանի և տարածքի ուսումնասիրությունը սկսվել է 2021թ. օգոստոս ամսին։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ պատմ․ գիտ․ դոկտոր Ռ. Բադալյան) աշխատանքների առաջին իսկ օրերին պարզեց, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան: Այս դամբարանը «շրեշ-մոխրաբլուրյան» տիպի առաջին ու միակ թաղումն է, որ հայտնի է դարձել գիտությանը։ Սա հնագիտական և մարդաբանական նյութի քանակով ու բազմազանությամբ նախադեպը չունեցող հնագիտական համալիր է: Նախնական տվյալներն ունենալով՝ վստահաբար կարելի է ասել, որ հայտնաբերվել է լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության բացառիկ մի սկզբնաղբյուր:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 15-ը:
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: