Արմեն Վահրամյան. ‹‹Թումանյանական աշխարհում›› 19.02-25.02.2015

19.02.2015
Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ ‹‹Լոռվա ձոր›› հայրենակցական միության հետ համատեղ կազմակերպվել է գեղանկարիչ  Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը: Ծնունդով լոռեցի նկարիչն իր կտավներով ամենայն հայոց բանաստեղծի   հայրենի ձորի գույներն ու երանգները,  հեքիաթներն ու դրանց իրական հերոսների կերպարներն է ներկայացրել արվեստասերին՝ սրահները  ողողելով  թումանյանական  ջերմությամբ:
 
 Բանաստեղծի 146 ամյակին նվիրված  ցուցահանդեսը բացեց Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն,  բանաստեղծ Հովիկ Հովեյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և այլոք:
Տեղի ունեցավ նաև հեղինակի նկարազարդած՝ Թումանյանի «Անհաղթ աքլորը»  գրքի շնորհանդեսը:
 
Գեղանկարիչ  Արմեն Արմենակի Վահրամյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 10-ին, Լոռու մարզի Արդվի գյուղում։ 1978 թվականից հաճախել է Ալավերդու Գեղարվեստի դպրոցը: 1989 թվականին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի քոլեջի մանրանկարչության բաժինը: 1994 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը: 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։