Ցուցահանդես՝ Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում 26.03-29.03.2015

26.03.2015
 
Հայաստանում անցկացվող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում՝ մարտի 26-ին,  Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի թանգարանի ընտրանու  ցուցահանդեսը:   
Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ  Հովեյանն իր և ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի անունից   ողջունեց  ներկաներին ու մեծարգո հյուրերին՝ Հայաստանում  Թուրքմենստանի դեսպան պարոն Մաշալո Մուխոմմեդ Նիյազին, Թուրքմենստանի մշակույթի փոխնախարար  տիկին  Բախարգուլ Աբդիևա Կուրբանովնային և վստահեցրեց, որ Աշխաբադից Երևան հասած մշակութային ուղերձն այս օրերին հաջողությամբ կիրականացվի Հայաստանում:
«Ես վստահ եմ, որ ցուցադրվող աշխատանքներից բացի, մեր գործընկերներն իրենց հետ բերել են մեծն փիլիսոփա և բանաստեղծ Մախթում Կուլիի  իմաստնությունը, ախալթեքինյան  լեգենդար երիվարի աչքերի կապույտն ու ոսկե սրարշավը Կարա-Կումի ավազն ի վեր  և սքանչելի երգչուհի, Թուրքմենստանի ժողովրդական արտիստ Ալթին Գոշաևայի երգի պատառիկը»,-նշեց Հովիկ Հովեյանը:
Պատվիրակության կողմից ողջույնի խոսքով ելույթ ունեցավ և ջերմ հյուրընկալության համար շնորհակալություն հայտնեց Աննաջախան Կարաջաևա Ակմուրադովնան:
Թուրքմենական պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ մշակույթի փոխնախարար պարոն Ներսես Տեր-Վարդանյանը:
Թուրքմենստանի ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցանմուշներից /ազգային տարազ, գորգ, արծաթյա զարդեր/ բացի, ցուցահանդեսում ներառված են նաև թուրքմեն անվանի գեղանկարիչների ստեղծագործություններից:
Բացման արարողության ընթացքում Թուրքմենստանից բերված թանգարանային նմուշներին ավելացան նաև  ազգային երաժշտության հնչյունները՝  թուրքմեն երաժիշտները հնչեցրին  ազգագրական և ժողովրդական երգեր: Իսկ  բազմերանգ տարազներով գեղեցիկ թուրքմենուհիները  հյուրասիրեցին ներկաներին իրենց ազգային  «պիշմե» կոչվող բլիթով: